Philosophy in Armenia

Հայ փիլիսոփայական միտքը

 

Հայ փիլիսոփայական միտքն իր տիպաբանական առանձնահատկություններով պատկանում է իմաստասիրության եվրոպական տիպին, հետևաբար եվրոպական փիլիսոփայության բաղկացուցիչ մասն է: Գտնվելով տարբեր մշակույթների  խաչմերուկում՝ հայ փիլիսոփայական միտքը ժամանակի ընթացքում կրել է թե՜ արևելյան, թե՜ արևմտաեվրոպական փիլիսոփայական ուսմունքների բարերար ազդեցությունը և ստեղծել է մնայուն արժեքներ:

Հայ ինքնուրույն փիլիսոփայությունն սկզբնավորվել է V դարում, որի հիմնական ուղղություններն են եղել քրիստոնեական ջատագովությունը (Մեսրոպ Մաշտոց, Եզնիկ Կողբացի, Եղիշե և ուրիշներ), նորպլատոնականությունը, որի արիստոտելյան թևի ականավոր ներկայացուցիչներից էր Դավիթ Անհաղթը (վերջինիս շնորհիվ հայ միջնադարյան փիլիսոփայությունը ժառանգել և պահպանել է անտիկ փիլիսոփայության նվաճումները), և բնափիլիսոփայական ուղղությունը, որի հիմնադիրը VII դարի մաթեմատիկոս, տոմարագետ, աշխարհագետ Անանիա Շիրակացին էր: Նրանց ավանդույթը շարունակել են զարգացած ավատատիրության շրջանի՝ XI–XIV դարերի մտածողները (Հովհաննես Սարկավագ, Վահրամ Րաբունի, Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի), որոնք ոչ միայն զարգացրել են ժամանակի առաջադեմ՝ նոմինալիստական ուղղությունը, այլև առաջադրել են եվրոպական փիլիսոփայության ոգուն համահունչ իդեալներ և բնափիլիսոփայական գաղափարներ: Միջնադարյան հայ փիլիսոփաները մասնակցել են կրոնադավանաբանական խնդիրների քննությանը՝ դրսևորելով 2 միտում. մի կողմից պայքարել են օտար նվաճողների հավատափոխական նկրտումների դեմ (Եզնիկ Կողբացի, Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի, Առաքել Սյունեցի և ուրիշներ), մյուս կողմից՝ արտահայտել հասարակական ներքին հակամարտությունները, որոնք միջնադարում կրոնական-հերձվածողական բնույթ էին ստանում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ, պավլիկյաններ, թոնդրակեցիներ և ուրիշներ):

Պատմության փիլիսոփայության և սոցիալական փիլիսոփայության հուզող խնդիրներ են արծարծվել հայ պատմիչների (Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Մովսես Կաղանկատվացի, Կիրակոս Գանձակեցի) երկերում: Մշակութային մնայուն հուշարձաններ են անտիկ և միջնադարյան հեղինակների (Պլատոն, Արիստոտել, Զենոն, Փիլոն Ալեքսանդրացի, Պորփյուր, Յամբլիքոս, Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացի, Հովհաննես Դամասկացի, Թովմա Աքվինացի, Պետրոս Արագոնացի և ուրիշներ) փիլիսոփայական դասական երկերի հայերեն թարգմանություններն ու մեկնաբանությունները:

XVI–XVII դարերի հայ փիլիսոփայական միտքը (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Սիմեոն Ա Երևանցի և ուրիշներ) միջնադարյան փիլիսոփայության հետաքրքրությունների և հարցադրումների շրջանակում էր:

XVIII դարի 70-ական թվականներին Մադրասի խմբակն առաջադրել է ազգային-ազատագրական և լուսավորական գաղափարներ:

XIX դարում ի հայտ է եկել լուսավորական դեմոկրատիզմը՝ իրեն բնորոշ ազատախոհությամբ, ազգային և սոցիալական ազատագրության հարցերը լուսավորության միջոցով լուծելու գաղափարներով (Խաչատուր Աբովյան, Ստեփանոս Նազարյան, Նահապետ Ռուսինյան, Ռեթեոս Պերպերյան, Մինաս Չերազ, Եղիա Տեմիրճիպաշյան, Ինտրա (Տիրան Չրաքյան), Նիկողայոս Զորայան, Մատթեոս Մամուրյան և ուրիշներ): Հեղափոխական դեմոկրատիզմին (Միքայել Նալբանդյան, Հարություն Սվաճյան և ուրիշներ) բնորոշ էին մատերիալիզմը, սոցիալիստական հեղափոխության գաղափարները: Կղերական ուղղությունը (Պողոս Էմմանուելյան, Ավքսենտիոս Գուրգենյան և ուրիշներ) նոր պայմաններում  աշխատել է գիտությունը և լուսավորությունը հաշտեցնել կրոնի հետ՝ այս գաղափարական կողմնորոշմանը համապատասխանեցնելով օբյեկտիվ իդեալիստական փիլիսոփայության համակարգերը:

XVIII–XIX դարերում մեծ տեղ են գրավել պատմափիլիսոփայությունը և սոցիալական փիլիսոփայությունը, որոնք մշակվել են ոչ միայն փիլիսոփայական, այլև պատմագիտական երկերում, մի շարք գրողների (Միքայել Չամչյան, Մեսրոպ Թաղիադյան, Ղևոնդ Ալիշան, Ստեփան Պալասանյան, Մաղաքիա Օրմանյան, Րաֆֆի և ուրիշներ) ստեղծագործություններում: XIX դարի 2-րդ կեսի հայ փիլիսոփայության, հատկապես Գալուստ Կոստանդյանի, Երվանդ Ֆրանգյանի, Անտոն Գարագաշյանի, Գրիգոր Արծրունու հայացքների վրա մեծ էր պոզիտիվիզմի ազդեցությունը:

Ազգային և համամարդկային հոգևոր ժառանգության հիմքի վրա հանդես են եկել «մեհենականները» (Դանիել Վարուժան, Հակոբ Օշական, Գեղամ Բարսեղյան, Ահարոն Տատուրյան և Կոստան Զարյան): Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի ազգակենտրոն գաղափարների ի հայտ գալուց առաջ հայ իմաստասիրական մտքի հետեղեռնյան մտածումի կրողը Շահան Պերպերյանն էր:

XIX դարի վերջին հայ հեղափոխական միջավայրում առավել տարածվել է մարքսիզմը (Ստեփան Շահումյան, Բոգդան Կնունյանց, Սուրեն Սպանդարյան և ուրիշներ):

Խորհրդայնացումից հետո Հայաստանում փիլիսոփաների արժեքավոր ավանդը եղել և մնում է հայ ժողովրդի փիլիսոփայական ժառանգության ուսումնասիրությունը: Վերջին շրջանում հայ փիլիսոփայական միտքը հարստացել է հատկապես Էդուարդ Աթայանի և Էդմոն Ավետյանի իմաստասիրական և նշանագիտական (լեզվի փիլիսոփայություն) աշխատություններով

Հայաստանի Հանրապետությունում փիլիսոփայական հետազոտությունները կատարվում են ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում, ԵՊՀ և մյուս բուհերի փիլիսոփայության ամբիոններում: Փիլիսոփայության մասնագետներ պատրաստվում են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում, ինչպես նաև Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s